ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի
24.04.2023 | 10:16

«Եթե հրաշքով կենդանանան աշխարհի յոթ հրաշալիքների հեղինակները, իրենց գլուխները կխոնարհեն հայկական այս հազարամյա եկեղեցու առջև»:

Պ.Կունեռ

Արևմտյան Հայաստանը հայաթափվեց, սակայն այնտեղ մնացին մեր սուրբ մասունքները, մեր հոգու ու մտքի ստեղծագործությունները, որոնցից մեկն էլ Աղթամարի Սուրբ Խաչն է: Հայկական ճարտարապետության յոթ հրաշալիքներից մեկը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին (ներկայումս Թուրքիայի տարածքում) գտնվում է Վանա լճի հարավ-արևելյան մասում, տարաբախտ հայի բնօրրանում:

Այս հրաշագեղ տաճարը 915-921 թթ. կառուցել են տվել Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունին իր կնոջ՝ Մլքե թագուհու հետ, որի ճարտարապետն է եղել հանճարեղ Մանուելը: ։

Եկեղեցու արևմտյան ճակատին քանդակված է Գագիկ Արծրունին՝ եկեղեցու մանրակերտը ձեռքին, իսկ պատին՝ Գագիկ արքայի մայրն է՝ Սոփի իշխանուհին և արքայի կինը՝ Մլքե թագուհին:

Այս յուրօրինակ եկեղեցին եղել է Վասպուրականի Արծրունյաց թագավորության հոգևոր կենտրոնը (XII-XIX դդ.), որտեղ էլ գործել է Աղթամարի կաթողիկոսությունը: Այստեղ միառժամանակ հանգրվանել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը:

... Աղթամարի եկեղեցու անգնահատելի նորույթը պատկերագրական համակարգն է, որը վեց հորիզոնական գոտիներով պարուրում է բոլոր ճակատները՝ կառույցն արտակարգ հմայիչ դարձնելով: Պատկերաքանդակները հոգևոր և աշխարհիկ թեմաներով են, որոնցում փառաբանում են արաբական տիրապետության դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը, քրիստոնեությունը, Արծրունյաց տոհմի մեծերին ու նրանց քաջագործությունները, ինչպես և ներկայացնում հայ շինականի խաղաղ աշխատանքը, կենցաղը, դարերի խորքից եկող հավատալիքներն ու պատկերացումները:

Աղթամարն այն եզակի կառույցներից է, որտեղ որմնանկարները համեմատաբար պահպանվել են և հնարավորություն ընձեռել կարծիք կազմել այդ դարաշրջանի գեղարվեստի և ոճական հատկությունների մասին: Անուրանալի է այս եկեղեցու դերը Վասպուրականի մանրանկարչական դպրոցի, հայ մատենագրության և գրչության արվեստի զարգացման գործում:

Օվսաննա ՄԱԴԱԹՅԱՆ

Հատված` «Կառուցել են կանայք» գրքից,

Երևան, 2011 թ.

Դիտվել է՝ 4721

Մեկնաբանություններ